«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի»,- հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին: Իրանցի գեներալը կրկնել է այն, ինչ Թեհրանն ասում է տևական ժամանակ՝ իր հյուսիսային սահմանի անվտանգության առնչությամբ: Հայտնի է, որ Իրանը մեծ ծավալի զորք և սպառազինություն է մոտեցրել սահմանին: Այդ հանգամանքը խոսում է այն մասին, որ Թեհրանը զգում է իսկապես լուրջ վտանգներ, որոնք ամենևին չեն առնչվում լոկ սեփական սահմանները Արաքսից այն կողմ ծավալված պատերազմի հնարավոր ազդեցությունից պաշտպանելու խնդրին: Այն ռազմուժը, որ կենտրոնացրել է Իրանը հյուսիսում, իր ծավալով խոսում է այն մասին, որ Իրանը դիտարկում է լուծելու առավել լուրջ ռազմական և ռազմաքաղաքական խնդիրներ: Եվ դրա մասին է վկայում նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հեյդարիի հայտարարությունը: Նա խոսում է այն մասին, որ ոչ մի ուժ չի կարող փոխել ռեգիոնալ աշխարհագրությունը, ինչը հարց է առաջացնում, թե ռեգիոնալ աշխարհագրության և աշխարհաքաղաքականության ինչ փոփոխության մասին է խոսում, կամ ի՞նչ փոփոխության տագնապներ է տածում Իրանը: Առավել ևս, որ Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմն արդեն իսկ բերել է աշխարհագրության որոշակի փոփոխության՝ այն իմաստով, որ ադրբեջանական զինուժն ու ահաբեկիչները, որոշակի առաջխաղացում ունենալով Արցախի հարավում, փաստացի բերել են փոփոխության, որը, ի դեպ, զգալի է նաև Իրանի համար: Չէ՞ որ խոսքը Իրանի սահմանին տեղի ունեցող փոփոխության մասին է:

Միևնույն ժամանակ, առերևույթ հակասության մեջ են «ադրբեջանական տարածքները վերադարձնելու» մասին իրանյան քաղաքական և հոգևոր ղեկավարության հայտարարությունները ռեգիոնալ աշխարհաքաղաքականության և աշխարհագրության փոփոխություն թույլ չտալու մասին գեներալ Հեյդարիի հայտարարության հետ: Մի կողմից, իհարկե, խոսք կարող է լինել այն մասին, որ քաղաքական կամ հոգևոր թևի ներկայացուցիչները, դիվանագիտական նկատառումից ելնելով, անում են հայտարարություններ, որոնք սուր չեն ընկալվի Բաքվում և չեն հակադրի Իրանի ադրբեջանական հանրությանը, առավել ևս շիա հանրությանը: Մյուս կողմից կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք իրանյան ռազմական շրջանակները անթույլատրելի են համարում Արցախի հարավում ադրբեջանական, իրականում թուրք-ահաբեկչական առաջխաղացումը, և այդ իմաստով Իրանում կա՞ զինվորականության և քաղաքական-հոգևորական ղեկավարության տեսակետների սկզբունքային տարբերություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, հարկադրանքի դրսևորումը մեր կողմից առավել քան անտեղի է», Կոմերսանտին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով արցախյան գոտում պատերազմով ստեղծված իրավիճակի մասին:

Իսկ ի՞նչ է թողնում Թուրքիան Ռուսաստանի հետ Ադրբեջանի կապի զանազան այդ ասպեկտներից: Թուրքիան Ռուսաստանին թողնու՞մ է Բաքվի հետ առանց հարկադրանքի խոսելու այլընտրանք: Ընդհանրապես, Թուրքիան Ռուսաստանին թողնու՞մ է որեւէ ընտրություն Ադրբեջանում:

Եթե այո, ապա դա որեւէ կերպ տեսանելի չէ, հետեւաբար կնշանակի, որ այդ հարցը ռուս-թուրքական «անտեսանելի» քննարկման առարկա է: Եթե չկա այդպիսի քննարկում, որի արդյունքում Մոսկվան ակնկալում է Թուրքիայից «ստանալ» Ադրբեջանի իր բաժինը, ապա նշանակում է, որ չկա հարկադրանքի լեզվին այլընտրանք: Հակառակ պարագայում, Լավրովին հարկ է լինելու թերեւս հաջորդ հարցազրույցում Ադրբեջանի հետ որեւէ էական կապի մասին խոսել անցյալով:

Ընդ որում, հարց է, թե արդյոք Մոսկվան հիմա ունի Ադրբեջան պահելու խնդիր: Եթե ունի, ուրեմն Թուրքիային Բաքվից դուրս մղելու համար պետք է Բաքվի ռազմական պարտություն: Դրանից դուրս որեւէ այլ ելք դուրս է դնում Ռուսաստանը Կովկասից, պարզապես այս դեպքում հնարավոր են այսպես ասած ժամանակագրական տարբեր պլաններ՝ դուրս մնալ միջնաժամկետ, թե երկարաժամկետ պլանով: Գործնականում, Ռուսաստանի համար իսկապես չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընտրության խնդիր, որ խոսվի դրանից խուսափելու մասին: Ռուսաստանին Թուրքիան կանգնեցրել է Կովկասից դուրս մնալու ժամանակային տարբերակի ընտրության առաջ: Ռազմաճակատը «ճահճի» վերածելու մարտավարությունը թերեւս մի մասով էլ ուղղված է դրան:

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իսլամական ահաբեկչությունն ընդհանուր թշնամի է բոլորի համար՝ արձագանքելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Կանցլերի հայտարարությունը Թվիթերում հրապարակել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերգը։

Նոյեմբերի 3-ը կարևորագույն նշանակության օր է միջազգային հարաբերությունների, այդ թվում նաև անվտանգային միջազգային համակարգի ընթացիկ և հեռանկարային իրողությունների, և այդ համատեքստում նաև, թերևս, մեզ պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմի առումով:

Խոսքը Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության մասին է, որը, առանց չափազանցության, թերևս ամենաթեժն ու վճռորոշն է Նահանգների պատմության համար: Իսկ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը՝ թե՛ իր ընթացքով, թե՛ իր արդյունքով, անկասկած համաշխարհային նշանակության իրողություն է, հաշվի առնելով Նահանգների դերը՝ որպես միակ գերտերություն, ինչպես նաև այն շեշտադրումները, որ այս ընտրական գործընթացի համատեքստում արվում էին Նահանգների աշխարհաքաղաքականության տեսանկյունից: Ընդ որում, դրանցում էական տեղ ուներ նաև Արցախին ու Հայաստանին, նաև Կովկասին պարտադրված պատերազմն ու դրա հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքը: Հիշենք, որ դեմոկրատական թեկնածու, Օբամայի վարչակազմի շրջանում փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարություն-քննադատությունից հետո, որ Սպիտակ տունն ու Թրամփը անձամբ պետք է զբաղվեն պատերազմը կանգնեցնելու հարցով, աշխուժություն ցուցաբերեց ԱՄՆ վարչակազմը, ինչը վկայում է, թե հարցը որքան զգայուն է գնահատվել նախընտրական տեսանկյունից առնվազն: Թրամփը կմնա՞ Սպիտակ տանը, թե՞ ԱՄՆ նախկին փոխնախագահը կվերադառնա իշխանության արդեն նախագահի կարգավիճակով: Այդ հարցը էապես կարող է կանխորոշել նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը, հաշվի առնելով Թրամփի, մեղմ ասած, հակասական քաղաքականությունը կամ, մեծ հաշվով, «ապաքաղաքականությունը», որը առաջ է բերել մի շարք վակուումներ միջազգային հարաբերություններում, ստեղծելով դրանցում մեծ ու փոքր տարբեր փլուզումներ: Մյուս կողմից, Թրամփը այդ իմաստով գուցե կատարում է սպառված, արժեզրկված, քայքայված միջազգային հարաբերությունների յուրօրինակ սանիտարի դեր և, ըստ այդմ, բարդ է ասել, թե որ տարբերակն է նախընտրելի՝ Թրամփը մնա և ավարտի՞ իր գործը, ավելի արագացնելով այն, թե՞ Բայդենը վերադառնա և, ըստ էության, առաջանա համաշխարհային կացութաձևերի կարկատանի վտանգ:

Մեզ բնականաբար հետաքրքրում է այն, թե Վաշինգտոնը որ ելքի պարագայում ինչ վերաբերմունք կունենա Կովկասի, արցախյան հարցի և դրանում Թուրքիայի հավակնությունների հանդեպ: Իհարկե, այդ հարցերն էլ իրենց հերթին պայմանավորված են լինելու, թե ինչպիսին կլինի Վաշինգտոն-Մոսկվա, Վաշինգտոն-Թեհրան հարաբերության հեռանկարն ու բնույթը, բովանդակությունն ու վեկտորը:

 Իհարկե, դա, որպես նվազագույն միջավայր, քանի որ կովկասյան ռեգիոնում բավականին շոշափելի խաղացող է դարձել նաև Իսրայելը, և միաժամանակ բավականին խոսուն լռություն է պահպանում Պեկինը: Այդ ամենով հանդերձ, ԱՄՆ ընտրության աննախադեպությունը նաև այն է, որ, կարծես թե, առաջին անգամ հնչել են հայտարարություններ, որտեղ առնվազն ուրվագծի մակարդակով ենթադրվել է, որ կարող է վիճարկվել ընտրության արդյունքը: Հաշվի առնելով այն, որ գործընթացն էլ ուղեկցվել է տարբեր քաղաքներում արդեն իսկ ամիսներ ընթացող անկարգության բռնկումներով, այսպես ասած՝ այլ թեմաներով, ինչը, սակայն, իր ազդեցությունն է թողնում ընտրական մթնոլորտի վրա, ապա նոյեմբերի 3-ն իսկապես, առանց չափազանցության, բախտորոշ կարող է լինել մոլորակի համար:
Պետք է հուսալ, որ ԱՄՆ-ն, չնայած աննախադեպ լարվածությանը, իրավիճակը կհաղթահարի պետական ինստիտուցիոնալության ավանդական հաղթանակով:

Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված հրաձիգը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանցագործի վրա եղել է պայթանյութի մուլյաժով գոտի, նա զինված Էր հրացանով, հավելել է նախարարը առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նոյեմբերի 2-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք մի շարք հարձակումներ են կատարել Ավստրիայի մայրաքաղաքում. նախնական տվյալներով՝ վեց վայրերում: Զոհվել է երեք մարդ, 15-ը վիրավորվել են: Հարձակվողներից մեկին հաջողվել է ոչնչացնել, մնացածները թաքնվել են, նրանց հիմա որոնում են: ԶԼՄ-ները գրել են, որ կրակողները եղել են շուրջ յոթ հոգի: Իշխանությունները գրոհը որակում են ահաբեկչություն եւ քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:

Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները: Ավստրիային ցավակություններ են հայտնել բազմաթիվ երկրներ: Ֆրանսիայի նախագահը, որը վերջերս նույնպես ենթարկվել է հարձակումների, նշել է, որ «կիսում է ավստրիացիների շոկը եւ վիշտը»: «Սա մեր Եվրոպան է: Թշնամիները պետք Է իմանան, թե ում հետ գործ ունեն: Մենք ոչ մի բանում չենք զիջի»,-գրել է Էմանուել Մակրոնը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտնել էր, թե ցնցված է ֆրանսիական Նիսի Մայր տաճարի մոտ տեղի ունեցած ահաբեկությունից, երբ դանակով զինված «ջիհադիստը» սպանել էր երեք մարդու:

Մերկելը մարդ է, իսկ մարդն իսկապես չի կարող չցնցվել այդօրինակ ողբերգությունից: Մարդ լինելու հետ մեկտեղ, Անգելա Մերկելն իհարկե նաեւ քաղաքական, պետական գործիչ է, այն էլ Եվրամիության առաջատար պետության ղեկավար, դրանից բխող ռազմա-քաղաքական ահռելի պատասխանատվությամբ ու առաքելությամբ:

Օրերս հայտնի դարձավ, որ Գերմանիան եղել է այն երկրների շարքում, որոնք արգելակել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների նախաձեռնությունը: Այդ շարքում են եղել նաեւ Իսպանիան, Հունգարիան, Իտալիան, Մալթան: Բայց այստեղ առանցքային է Գերմանիայի հանգամանքը, որովհետեւ առայժմ Գերմանիան է Եվրամիության անվիճելի առաջատարը:

Ըստ այդմ, Բեռլինի պարագայում առաջանում է հարց՝ ցնցվելուց բացի էլ ի՞նչ է հնարավոր անել հենց այդ՝ ռազմա-քաղաքական պատասխանատվության տիրույթում: Եթե իհարկե Գերմանիան չի մերժում տեսակետը, որ Նիսի ահաբեկության եւ ընդհանրապես Ֆրանսիայի դեմ «ջիհադիստական» ալիքի առաջնորդի կարգավիճակում էլ Էրդողանն է: Բեռլինը գուցե համաձայն չէ դրա հետ եւ կարծում է, որ այդ ամենի հետեւում պարզապես չար մարդիկ են, կամ «ռոմանտիկ ջիհադիստներ»:

Իհարկե, դա էլ դիրքորոշում է, որից այդ պարագայում թերեւս պետք է ցնցվեն արդեն եվրոպական հանրությունները: Որովհետեւ իսկապես ցնցվելու պատճառ է, երբ Եվրամիության առաջատար ռազմա-քաղաքական միավորը կարող է դրսեւորել այդօրինակ քաղաքական անհամարժեքություն կամ պարզապես երեսպաշտություն ու թուլություն:

Թեեւ, այս դեպքում էլ եվրոպական հանրությունները ցնցվելուց բացի, պետք է մտածեն ինչ որ բան անելու մասին, եթե դրան ունակ չեն իրենց կառավարությունները:

Պետք է արձանագրել մի պարզ փաստ՝ Եվրոպայի անվտանգության հարցում գործով զբաղված է այսօր մի սուբյեկտ, որն այդ Եվրոպայի եւ նրա հանրության առաջ չունի որեւէ պարտավորություն՝ հայկական բանակը, հայ ժողովուրդը:

Եվրոպական հանրությանը հարկավոր է միանալ եվրոպահայերին՝ ճանապարհները փակելու հարցում եւ պահանջներ դնել եվրոպական կառավարությունների առաջ, Եվրոպայի անվտանգության հարցում իրենց ռազմա-քաղաքական պարտավորությունները կատարելու համար:

Ընդ որում, եվրոպական հանրություն ասվածը չունի կրոնական սահմանազատում: Սահմանազատումը արժեհամակարգային է եւ մարդկային՝ մարդկանց վրա դանակով, Սմերչով, Լորայով, նաեւ գերմանական արտադրության մասերից կազմված Բայրաքթարներով, կասետային ռումբերով հարձակվողներ եւ սպանողներ, խոշտանգողներ, եւ մարդիկ, որ չեն անում դա եւ չեն անի երբեք, որեւէ նպատակով

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է, որ բարենպաստ բանակցային դիրքեր ռազմի դաշտում չեն կարող ձեռք բերվել։ Այս մասին հայտնում է Մեդիամաքսը։

Նրա խոսքով, «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գիտակցեն, որ այսքան երկար տեւող այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու»։