Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք:

Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

ՊԲ

Տեւական ժամանակ է, որ Բաքուն կորցրել է կոնվենցիոնալ պատերազմը շարունակելու հնարավորությունները մի շարք պատճառներով, որոնց մասին շատ է խոսվել: Տեսնելով, որ դա չի ստացվում, Բաքվի հանցախմբի պարագլուխը սկսել է հոգեբանական պատերազմ՝ այսպես կոչված դրոշակախաղ, որին մեր բանակը հակադրել է գյոռբագյոռ գործողությունը:

Ալիեւի նպատակը պարզ է՝ հարավում այդ մարտավարության շարունակումը Շուշիում՝ այստեղ դրոշակ տնկելը հավասարեցնել հայկական կողմի կապիտուլյացիայի հետ, դուրս թողնելով հայկական բանակի գործոնը:

Թեեւ մեր բանակը շարունակում է հերոսական պայքարը, նոր մարտավարությունը յուրացնելով ու թշնամուն մեծ կորուստներ պատճառելով, բայց պարզվում է՝ Ալիեւի հնարքն իր ազդեցությունն է թողել մեր հանրության մի մասի վրա, ովքեր ամեն առավոտ արթնանում են ախուվախով եւ «Շուշիի անկման» ապոկալիպտիկ մտքերով:

Ալիեւին երեւում է հաջողվել է ձեւավորել որոշակի հոգեվիճակ հանրության այդ մասի մոտ, նրան կտրելով իրականությունից: Միեւնույն ժամանակ, ամենացավալին այն է, որ այդ խայծը երեւում է կուլ է տվել Արցախի քաղաքական ղեկավարությունը, որի հատկապես այս օրերի պահվածքն ու գրառումները հարցեր են առաջացնում եւ ամենավատը՝ կասկածներ, թե ինչով են զբաղված այս մարդիկ:

Սթափվեք, ամոթ է: Այդ տրամադրությունների հետեւանքն է, որ թշնամու ոչ մեծ ելուզակախմբերը կարողացան թափանցել Հադրութի բնակավայրերը, ճանապարհներ «գցելով» դեպի Շուշի: Դրա փոխարեն, քաղաքական ղեկավարության պարտքն է կազմակերպել տեղական ինքնապաշտպանությունը, կտրել այն արահետները, որտեղով «անընդհատ լցվում են», այդտեղ խեղդելով Բաքվի այս մարտավարությունը:

Սա իմ կյանքի ամենածանր լուսաբացն էր, այսօր առավոտյան գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Եթե անկումային այս գործելակերպը շարունակվի, ծանր լուսաբացները շարունակվելու են։

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

Թուրքերի ու որոշ հայերի շրջանում եղած խուճապի մասին

Երեւի միայն միամիտ հայերի շրջանում է մնացել այն պատկերացումը, որ սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում սա հայ-թուրքական երկրորդ պատերազմն է եւ ռազմաքաղաքական նշանակության մի էական կետում զուգահեռ անցկացնելն այսօր հրատապ է դարձել:

Հայտնի փաստ է, որ 1920 թ. երբ սկսվեց պատերազմը, Առաջին Հանրապետության բանակը լավ զինված էր ու իր մեջքին ուներ անառիկ Կարսի բերդի հզորությունը: Օլթիի ու Սարիղամիշի ճակատներից նահանջող Հայոց բանակի համար կար ռազմական հստակ առաջադրանք՝ թուրքերին կանգնեցնել Կարսի բերդապարիսպների տակ ու հզոր հարվածներով կոտրել այդ բանակի մարտունակությունը: Դրանից հետո թուրքերին ջախջախելը ժամանակի հարց էր դառնալու: Սակայն եղավ այն, ինչը հայ ժողովրդին դարեր շարունակ ուղեկցել է. հայի ներքին տականքը, տարված լինելով ապազգային գաղափարներով, տուրք տալով արտաքին ուժերի հովանու տակ պաշտպանություն գտնելու պատրանքներին, առաջնորդվելով այդ նույն օտար ուժերի միջոցով Հայաստանում քաղաքական իշխանությանը տիրանալու մարմաջով, հանրության ու բանակի մեջ տարածում էին լուրեր, որ իրենց դեմ կռվում են հեղափոխական թուրքերը, որոնք նույնքան խաղաղասեր են, որքան հայ ժողովուրդը, տարածում էին, որ պատերազմելն իմաստ չունի, մեր փոխարեն ամեն ինչ որոշված է, որ միայն Թուրքիայի ու բոլշեւիկյան Ռուսաստանի հետ հաշտությունը կարող է խաղաղություն բերել երկրին: Այդ քայքայիչ գործունեության գագաթնակետը եղավ Կարսի բերդը լքելու, չդիմադրելու, անիմաստ չկռվելու մասին համոզմունքի ստեղծումը հայության շրջանում:

Ներկա պատերազմում նույն այդ միտումները մենք ամեն օր զգում ու տեսնում ենք հանրային-քաղաքական օրակարգում: Շուշին մեր արեւելյան պաշտպանական ժայռապարիսպն է, ինչպես Կարսն էր 1920 թ.: Շուշին թուրքերը գրավել չեն կարող ռազմական ոչ մի ճանապարհով, եթե միայն հայերը պարզապես չհանձնեն այն, ինչպես Կարսը 100 տարի առաջ: Մեր բանակը հարյուրավոր դիվերսանտների չեզոքացման խնդիրն է լուծում այս օրերին Շուշիի շրջակայքում: Ու դա կատարում է հստակ, պրոֆեսիոնալ բանակին հարիր արհեստավարժությամբ: Ընդ որում, թուրքերը երբեք չեն կարող հասնել Շուշիին իրենց տանկերով կամ այլ զրահամեքենաներով: Տասնյակ կիլոմետրեր կտրել անցնելով՝ թուրքական հատուկ ջոկատայինները անտառների միջով հասնում են բերդապարսպի տակ ընդամենը նրա համար, որպեսզի մագլցեն ժայռերը ու մի որեւէ շենքի վրա բարձրացնեն դրոշակ: Ալիեւն էլ նոյեմբերի 9-ին՝ Դրոշի օրվա կապակցությամբ, ցուցադրի թուրքական հանրությանը, թե նորօրյա Կարսի բերդն ընկել է, իսկ Հայաստանն էլ՝ ծնկի բերվել: Ի դեպ, չմոռանանք, որ թուրքերը Շուշին գրավելու առաջին հարվածը փորձել են իրականացնել Կարսի անկման օրը՝ հոտեմբերի 30-ին:

Մեզանում շատ են այն շրջանակները, ովքեր պատրաստ են հիստերիկության ամենաբարձր նոտաներով փորձեն գուժել Շուշիի անկման լուրը՝ միայն թե կարողանան համոզեն դիմացինին, որ ամեն ինչ վերջացած է, դիմադրությունն անիմաստ է, մեր փոխարեն որոշել են օտարները, չենք լսել արտաքին աշխարհի քեռիներին եւ քաղում ենք դրա պտուղները եւ այլն: Ու այս ամենը կատարվում է՝ ելենելով այդ մարդկանց մեջ եղած իրական խուճապից: Ո՞րն է այդ խուճապը:

Հստակ քաղաքական շրջանակներ կան, որոնք տեսնում են, որ այս օրերին Հայոց բանակի իրականացրած Շուշիի պաշտպանության օպերացիան արդեն ավարտվում է, եւ թուրքական դիվերսիոն ջոկատները լիակատար ջախջախվում են: Այդ մարդկանց մոտ եղած խուճապն այն բանից է գալիս, որ զրկվում են Շուշիի կորստի վտանգը գուժելու փաստարկից ու այլեւս չեն կարողանա համոզել մարդկանց, որ մենք պարտության ճանապարհին ենք կանգնած, պետք է իրենց հանձնենք երկրի բանալիները, լսենք իրենց հանճարեղ մտքերը, վազենք օտարների դուռը եւ այլն:

Իհարկե, մեզանում բազում սխալներ, թերացումներ կան: Իհարկե, այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել ու շտկել: Իհարկե, մեզանում պետք է ի վերջո գործի ռազմական տրիբունալը: Իհարկե, շատ պաշտոնյաներ պետք է կանչվեն պատասխանատվության ու շատ դեպքերում կանգնեն ռազմական տրիբունալի առաջ: Սակայն դրա հետ մեկտեղ, բոլորս պետք է ամուր մնանք մեր բանակի ուժի գնահատման հարցում: Շուշին ընդմիշտ լինելու է Հայաստանի արեւելյան ժայռապարիսպը ու ամուր կանգնած է մնալու՝ կսկիծ ու վիշտ պատճառելով թուրքին ու քաղաքական խաղեր տվող հայ տականքին:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հեռավար նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացու ապրելու իրավունքը:

Հարցն այս դեպքում այն է, թե Եվրոպայի Խորհուրդը կարո՞ղ է պաշտպանել: Նույնիսկ ոչ թե այն՝ ուզում է, թե ոչ, այլ կարո՞ղ է պաշտպանել, թե ոչ: Իսկ այդ հարցում մեղմ ասած առկա են կասկածներ, եթե անգամ չխոսենք «ուզում է, թե ոչ» հարցում կասկածների մասին:

Արցախում պատերազմը առաջացրել է ոչ միայն քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակավայրերի, այլ նաեւ միջազգային քաղաքական ենթակառուցվածքների եւ իրողությունների փլուզումներ: Այդ ավերակներից են նաեւ եվրոպական կառույցները, Եվրոպայի Խորհուրդը, Եվրամիությունը, որոնք ի դեպ ներկայացված են պաշտոնապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ են, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից:

Հայաստանը նաեւ ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, եւ այստեղ եւս փլուզումներն ակնհայտ են: Բայց որ այդ եվրասիական կառույցներն առանց այդ էլ առանձնապես աչքի չեն ընկել իրենց միջազգային լեգիտիմությամբ, իրենց կենսունակությամբ: Թուրքիան գործնականում վերացրել է եվրասիական ու եվրոպական այդ կառույցների քաղաքական տարբերությունը:

Այդ առումով, առաջանում է հարց՝ իսկ կա՞ այդ կառույցների հետ Հայաստանի հարաբերության իմաստը: ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն ռուսական առանցքով կառույցներ են, իսկ Հայաստանը պարտադրված պատերազմի համատեքստում հիմնական աշխատանքը ծավալում է ՌԴ հետ: Հետեւաբար, Հայաստանի համար արդիական չէ ՀԱՊԿ կամ ԵՏՄ հարցեր բարձրացնելը:

Իսկ ահա Եվրոպայի Խորհրդի, Եվրամիության պարագայում թերեւս ժամանակն է առաջ բերել իմաստային հարցադրումները՝ ո՞րն է հեռանկարի քաղաքական իմաստը: Եթե այդ կառույցները պետք է բերեն փաստարկ, որ շահագրգռված չեն եվրասիական միավորներին անդամագրված Հայաստանի խնդիրների հանդեպ համարժեք քաղաքականությամբ, ապա դա ավելին չէ, քան երեսպաշտությունը:

Հայաստանը մշտապես արել է ավելին՝ եվրոպական քաղաքականության ուղղությամբ, հաճախ անգամ ռիսկեր ենթադրող ավելին՝ հաշվի առնելով ռուսական հնարավոր ռազմա-քաղաքական հակազդեցության աստիճանը: Եվ եթե չափումները եվրոպական մակարդակում պետք է լինեն նույն տրամաբանությամբ, ապա դրանք ընդամենը ի ցույց են դնելու եվրասիական տրամաբանության հետ տարբերության բացակայությունը:

Տարբերությունը մնալու է միայն արժեհամակարգային փաթեթը, որը սակայն առավել եւս պատռվել է Թուրքիայի քաղաքականության հանդեպ եվրոպական իներտությամբ եւ լռությամբ

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում, որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար, Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Պատերազմի մեկնարկից եզդիական համայնքը պատրաստ էր իր մասնակցությունն ունենալ մարտերին, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ ազգությունից, պետք է պաշտպանեն իրենց հայրենիքի սահմանները: Սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում ձևավորվեց առաջին ջոկատը։ Ջոկատին միանալ ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ ձևավորվեց նաև երկրորդը, որն այս պահին զինվորական պատրաստություն է անցնում։ Այս պահին հավաքագրվում է արդեն երրորդ ջոկատը»,- նշեց Բաքոյանը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ, պատմությանը հետադարձ հայացք գցելու դեպքում կտեսնենք, որ թե՛ Սադարապատի, թե՛ 90-ականների Արցախյան պատերազմի, թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և, թե՛ հիմա եզդիները հայերի հետ ներդաշնակ են և մեկ մարդու պես պատրաստ են կանգնել սահմանին։

Արցախ կատարած այցի ընթացքում պատգամավորը նաև հանդիպում է ունեցել առաջնագիծ մեկնած եզդի կամավորների հետ:

«Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է․տղերքը կանգնած են, նրանք կանգնելու են և հիմա էլ բավականին արդյունավետ կռվում են»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Կասետային զինատեսակները վտանգավոր են նրանով, որ մարդիկ և, մասնավորապես, երեխաները հավաքում են դրանց չպայթած փոքր ռումբերը՝ մարտական էլեմենտները, որոնք հաճախ պայթում են ձեռքի մեջ:

Սովորաբար կարմրավուն կամ դեղնավուն ժապավենով այդ մարտական էլեմենտները չափազանց վտանգավոր են, դրանց չի կարելի դիպչել, իսկ հայտնաբերելու դեպքում անմիջապես պետք է ահազանգել փրկարար ծառայության 911 հեռախոսահամարով

 

 

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պատերազմն Արցախում դարձավ Ադրբեջանի վերջը որպես պետություն այն ձեւով, որով կար: Ադրբեջան արդեն չկա՝ այն Թուրքիայի ու ահաբեկիչների պրոքսի տարածք է, ինչպես հիմա մոդայիկ է դարձել խոսել փորձագիտական շրջանակներում, որտեղից նախատեսվում է իրականացնել հիբրիդային պատերազմը տարբեր ուղղություններով, ըստ այդմ՝ լեգիտիմ է դառնում նաեւ այդ տարածքում հակագործողություններ իրականացնելը:

Պատերազմը Թուրքիային ավելի է խրել խնդիրների մեջ, թե ներքին եւ թե արտաքին առումներով: Թուրքիան արդեն սպառնում է մեծ տերություններին եւ ռազմա-քաղաքական ու մշակութաբանական սպառնալիք ու վտանգ է դարձել, իսկ Էրդողանը մարմնավորում է այս ամենը: Թուրքիան ներկայում վերածվում է «չարիքի առանցքի», որի շուրջ ձեւավորվելու են լայն կոալիցիաներ տարբեր ուղղություններով: Սովորաբար, համաշխարհային փոփոխություններն արվում են նման կերպ՝ մեկին ընտրելով որպես բոլոր խնդիրների առանցք ու թիրախ:

Էրդողանը զանգել է Պուտինին եւ առաջարկել երկուսով լուծել Ղարաբաղի հարցը: Նա ասել է, որ Պուտինը պետք է հասկանա իրեն՝ Ղարաբաղի հարցում ինքը չի կարող անցնել կարմիր գծերը՝ սերունդներն իրեն չեն ների: Սա հնչել է մի կողմից խնդրանք, մյուս կողմից՝ սպառնալիք ու վերջնագիր: Դատելով ռուսական արձագանքներից, առաջարկն առայժմ չի ընդունվել, թեեւ Մոսկվա-Անկարա տիրույթում ընթանում են բավական ինտենսիվ քննարկումներ:

Ռուսաստանը բախվել է իր հարյուրամյա քաղաքականության պտուղներին՝ 1916-1923 թթ. եւ 1988-1992 թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների հարցում իր գործողություններով: Ռուսաստանի քայլերը մատնում են նրա մեծ շփոթությունը. բանն այն է, որ շրջանում ազդեցության պահպանումը նախկին սխեմաներով այլեւս չի աշխատում, իսկ Բաքվից չհրաժարվելու ձգտումը մնացել է ընդամենը ցանկություն՝ առանց մեխանիզմների վերաբերյալ որեւէ պատկերացումների: Դրանք իրականում արդեն չկան:

Ռուսական շրջանակները պետական ալիքներով գուշակում էին հայկական պարտությունը 3 օրում, հետո մեկ շաբաթում եւ այդպես շարունակ, ամեն անգամ ավելի նյարդային վերաբերվելով այդ հանգամանքին: Հայերը չեն պարտվել, իսկ հայկական ուղղությամբ ավանդական քաղաքականությունը Մոսկվային կանգնեցնում է ավելի բարդ խնդիրների առջեւ: Այդ նյարդայնությունն ու շփոթը զգալի է նաեւ Երեւանում նախկին նախագահների ձեւաչափի փորձարկման, ռուսահայ հայտնի շրջանակների հայտարարությունների (ի դեպ, նրանք ոչ մի անգամ չեն դատապարտել ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ), պետական եթերում սրոսոականների ու նժդեհականների քարոզչության տեսքով: Դա մի տեսակ արդարանալու նման է թվում, ռազմավարական խոշոր տապալման շեմին: Ընդ որում, այս ընթացքը հստակ ուրվագծվեց 2015-ից սկսած:

Մոսկվան կանգնած է ընտրության առաջ, սակայն ընտրություն որպես այդպիսին չկա՝ կամ կռվելու են մեր կողքին, կամ շարունակվելու է 2015-ից սկսածը: Հայաստանը դուրս է գալիս տասնամյակների իր կրավորական կեցվածքից, որը, հանուն արդարության՝ խնդիրներ էր ստեղծել Մոսկվայի համար: Հերթը Ռուսաստանինն է:

Ինչ վերաբերում է Իրանին, այս երկիրը հայտարարել է, որ թույլ չի տալու աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, իր հյուսիսային սահմաններին զորք է կուտակել եւ ղարաբաղյան կարգավորման իր պլանն առաջարկել Մոսկվային, Երեւանին, Բաքվին եւ Անկարային: Իրանը աչքի առաջ ունի իր հարեւանների վիճակը եւ պետք է զգուշանա ավանդական սխեմաներից, որոնք նոր խնդիրներ են ստեղծելու իր համար:

Հայաստանը պետք է դիմանա, հայ ժողովրդի ուժերի համախմբման ու միասնության շնորհիվ: