Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաընկերությունը՝ հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ հեռուստաընկերության՝ առաջարկը հնչեցվել է նոյեմբերի 7-ին Պուտինի հեռ հեռախոսազրույցի ժամանակ

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Շուշիի վերքերը ծաղկելու զարմանալի հատկություն ունեն: Նման բան ես` հնագետս, ուրիշ մի այլ տեղ չեմ տեսել»:

ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի:

«Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը:

2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ծննդատունը, որը վնասվել է ադրբեջանական հարվածների հետևանքով։ Այս մասին նա ասել է ՌԻԱ ՆՈվոստիին։

«Ուզում եմ հավաստիացնել Արցախի բնակիչներին, որ մենք պարտադիր կկառուցենք նոր ու ժամանակակից ծննդատուն Ստեփանակերտում։ Այստեղ նորից նոր կյանքներ են ծնվելու», – ասել է Սամվել Կարապետյանը։

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանին։

Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։

Կոնգրեսական Ադամ Շիֆն Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սանձազերծել Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքացիներին, եկեղեցիները և իրականացնելով պատերազմական հանցագործություններ: Տասնյակ քաղաքացիներ են զոհվել: Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է: Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- գրել է կոնգրեսականը:

Շիֆը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի պատմությունը կրկնվի:

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ԱՄՆ-ն, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ, եթե նրանք շարունակեն պատերազմը, դա կունենա իր հետևանքները: Միացյալ Նահանգները չի կարող ձեռքերը ծալած նստել: Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- եզրափակել է Ադամ Շիֆը:

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին:

Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը թուրքական «Դուվարի»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցը նկատել է, որ Գարո Փայլանը ևս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար:

Փայլանը նշել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ինքնություններ, տարբեր հավատք և համոզմունք ունեցող քաղաքացիներ: «Սակայն ներկայիս վարչակազմը, ցավոք, շարունակում է վարել իր ազգայնական, ռասիստական և կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը», – նշել է Փայլանը:

Այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը կանգնած է Ադրբեջանի կողքին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում, Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում: «Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է և երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախորը անհանգստությունն ենք ապրում», – ասել Փայլանը ՝ վկայակոչելով Դինքի կողմից սպանությունից առաջ գրված վերջին հոդվածի խորհրդանշական հատվածը: Փայլանը նկատել է, որ պատերազմի արդյունքում տուժում, տառապում են խաղաղ բնակիչներ, և նա հարցի լուծումը տեսնում է խաղաղության սեղանին:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին փոխանցել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Մի քանի օր առաջ Միքայելյանը վիրավորվել էր ռազմաճակատում, երեկ երկրորդ վիրահատությունն է տարել, սակայն բժիշկներին չի հաջողվել մարմնի մեջ եղած բեկորներն ամբողջությամբ հանել: Ինքը՝ Սասուն Միքայելյանը, անգամ հումոր է անում․ «Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի»։

Ադրբեջանի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախի Մարտունի քաղաքում սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորվել է, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ:

Սակայն, ինչպես և նախորդ անգամ՝ Մոսկվայում համաձայնության ձեռք բերումից հետո, Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր՝ պատրաստակամության իսպառ բացակայությունը՝ հավատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնված հանձնառություններին:

Այս ամենը ուղեկցվել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները մինչև պատերազմի «հաղթական ավարտը»։ Հատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ հայտարարություններ հնչել են նաև Թուրքիայում։

Մարդասիրական զինադադարի հայտարարումից րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները, իսկ հոկտեմբերի 18-ի առավոտյան լայնամասշտաբ հարձակման են անցել հարավային ճակատում։

Փաստորեն, սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաև համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություներին:

Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:

Պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը։